Ըստ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի 2022-2023 ուսումնական տարվա տվյալների՝ Կրթության առանձնահատուկ պայմանների (այսուհետ` ԿԱՊԿ) կարիք ՀՀ-ում ունեցող սովորողներից 1721-ն ունեն հաշմանդամություն, որոնց կեսից ավելին՝ ծանր և խորը խանգարումներ, ինչը սահմանափակում է նրանց տեսնելու, լսելու, հաղորդակցվելու, մտածելու, քայլելու կամ այլ հիմնական գործառույթները: 2022 թվականի տվյալներով հաշմանդամություն ունեցող սովորողների մոտ 6,2%-ն ունի տեսողության, 9,1%-ը` լսողության, 51,8%-ը` ինտելեկտուալ (մտավոր), 24,7%-ը՝ խոսքի և 22.5%- ը` շարժողական խանգարումներ:
2022 թվականի օգոստոսի 11-ի ՀՀ կառավարության N 1265-Ն որոշման համաձայն ընդունվեց «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը», որով պետությունը փորձում է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելու հնարավորությունը։
Կրթության կազմակերպման մեջ առանձնահատուկ պայմաններ ապահովելը կարող է տարբեր լինել՝ սկսած ֆիզիկական միջավայրի, ուսումնական նյութի մատուցման, գիտելիքների ստուգման հարմարեցումներից մինչև կրթական գործընթացում ակտիվ մասնակցություն ապահովող աջակցող տեխնոլոգիաները (այսուհետ՝ ԱՏ) և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները։ Բնականաբար, այս պայմանները մեկը մյուսին չեն փոխարինում, այլ լրացնում են իրար` ընդհանուր առմամբ ապահովելով սովորողների առավել արդյունավետ ուսումնառությունն ու բարձր մասնակցայնությունը։ Այս համատեքստում հատկապես կարևոր է ընդգծել կրթական գործընթացում կիրառվող ԱՏ-ների դերը, որոնց կիրառությունը միանշանակ հնարավորություն է տալու առավել բարձրացնել ներառական կրթության որակը և ստեղծել առավել նպաստավոր ու ներառող միջավայր ԿԱՊԿ ունեցող երեխաների համար։ Աջակցող միջոցների շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձիք մյուսներին հավասար մասնակցում են համայնքային կյանքին, իսկ առանց դրանց նրանք կարող են իրենց անտեսված զգալ, մեկուսանալ, ապրել աղքատության մեջ, սովի բախվել, արդյունքում՝ ընտանիքից, համայնքից և պետական աջակցությունից նրանց կախվածությունը կարող է ավելի մեծանալ (UNICEF, 2013): ԱՏ-ն հաշմանդամություն ունեցող երեխայի համար յուրաքանչյուր հաջորդող քայլերի առաջին քայլն է`
ա) այլ երեխաների հետ սովորել, խաղալ և հաղորդակցվել,
բ) հաճախել դպրոց և ստանալ կրթություն,
գ) դառնալ ինքնուրույն քաղաքացի և հասարակության լիարժեք անդամ:
Մարդկանց մեծամասնության համար տեխնոլոգիան հեշտացնում է գործունեությունը: Հաշմանդամություն ունեցող անձանց համար տեխնոլոգիան գործունեությունը դարձնում է հնարավոր:
Ավելին…