Խոսքն ու հաղորդակցումը մարդկանց սոցիալական փոխազդեցության
հիմքը են։ Մարդկանց մեծամասնությունը միմյանց հետ հաղորդակցվում և շփվում է խոսքով՝
առանց որևէ դժվարության, սակայն կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն կարողանում կիրառել
խոսքը լիարժեք սոցիալական հաղորդակցման համար։ Այդ իրավիճակները կարող են
պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով և պատճառներով։ Կարող են հանդիպել
դեպքեր, երբ ձևավորված խոսք չեն ունենում թե’ ծնողները, թե՛ երեխաները, ինչը հաճախ
պայմանավորված է լինում գենետիկական հիվանդություններով։ Այլ դեպքերում, տարբեր
գործոններով պայմանավորված, կարող է երեխաների խոսքը չձևավորվել ու չզարգանալ, ինչի
արդյունքում նրանք լուրջ դժվարությունների են հանդիպում հաղորդակցման գործընթացում։
Բոլոր այն դեպքերում, երբ անձը չունի ձևավորված գրավոր կամ բանավոր խոսք, որի
միջոցով կարող է հաղորդակցվել, անհրաժեշտություն է առաջանում նրանց սովորեցնել
կիրառել լրացուցիչ, այլընտրանքային հաղորդակցման միջոցներ և տեխնոլոգիաներ։
Այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցումը միջազգային գրականության մեջ նշվում է
AAC հապավմամբ (Augmentative and Alternative Communication): Լրացուցիչ կամ
այլընտրանքային հաղորդակցումը ներառում է հաղորդակցման բոլոր ձևերը։ Այն կիրառվում է
ոչ միայն բանավոր հաղորդակցվելիս, այլև մտքերը, գաղափարներն ու պահանջմունքներն
արտահայտելու միջոց է։ Մենք բոլորս էլ կիրառում ենք այլընտրանքային կամ լրացուցիչ
միջոցներ, երբ, օրինակ, հաղորդակցվում ենք ժեստերով, նկարներով, պատկերներով,
նշաններով և այլն։
Հատուկ օգնող միջոցները, ինչպիսիք են պատկերներն ու նկարները, նշանները,
հաղորդակցման տախտակները, էլեկտրոնային տեխնոլոգիաները, օգնում են մարդկանց
արտահայտվել և դիմացինի հետ կիսել իրենց մտքերն ու ցանկությունները։ Նշված միջոցներն
օգնում են մարդուն մեծացնել սոցիալական միջավայրի հետ փոխազդեցությունը,
108
մասնավորապես՝ հաջողություններ ունենալ ուսման մեջ, ազատ հաղորդակցվել շրջապատող
մարդկանց հետ, ինչն, իհարկե, իր դրական ազդեցությունն է ունենում նաև նրանց
ինքնագնահատականի վրա։
Կարևոր է ընդգծել, որ նույնիսկ այն դեպքերում, երբ անձը կիրառում է հաղորդակցման
այլընտրանքային, լրացուցիչ միջոցներ, սակայն ունի որոշակի ձևավորված խոսք, պետք է
ամեն ինչ անել, որպեսզի նա չդադարի խոսքով հաղորդակցվել և ակտիվորեն կիրառի իր
բառապաշարում առկա, թեև քիչ, սակայն կարևոր բառերը։ Ճիշտ ընտրված և
մասնագիտական գրագետ մոտեցմամբ այլընտրանքային միջոցների ու տեխնոլոգիաների
կիրառումը հաճախ նպաստում է նաև խոսքի զարգացմանն ու բառապաշարում նոր բառերի ի
հայտ գալուն:
Ավելին…