Արտթերապիայի հիմնական նպատակն անձի տարբեր հոգեվիճակների՝ զգացմունքներ, հույզեր (տագնապներ, վախեր, ատելություն, սեր, մերժվածություն և այլն) հետազոտելն ու հայտնաբերելն է, նրա ինքնարտահայտման, ինքնագիտակցության արթնացումը, ինչպես նաև՝ ներքին հոգեկան ներդաշնակության ապահովումը:
Արտթերապիան թույլ է տալիս բացահայտել անձի ոչ միայն ստեղծագործական կարողությունը, այլև ձևավորում է ճաշակ, հոգեկան տարբեր ոլորտներում, զարգացնում հմտություններ և կարողություններ: Առավել շոշափելի են արվեստի միջոցով իրականացվող աջակցության արդյունքները` հատկապես հուզակամային ոլորտում դժվարություններ ունեցող երեխաների հետ այն կիրառելիս: Նման դժվարություններ կարող են համարվել սթրեսը, ընկճախտը, տրամադրության անկումը, հուզական պոռթկումները, հուզական անկայունությունը, բացասական հուզական ապրումները, մերժվածության զգացումը, տագնապները, վախերը, «ես» կոնցեպցիայի ցածր ինքնագնահատականը և այլն:
Աուտիզմ ունեցող երեխաների արտ-թերապիան հոգեբանական օգնության տեսակ է, որը հիմնված է արվեստի կամ ստեղծագործության մեջ ընկղմվելու վրա:
Արտ-թերապիան նպաստում է, որպեսզի նվազեցնի դրա կարիքն ոնեցողի հուզական բեռը: Ստեղծագործական աշխատանքի միջոցով մասնագետը վստահության մթնոլորտ է ստեղծում, որն օգնում է կապ հաստատել գործընթացում ներգրավված մարդկանց հետ։ Արտ-թերապիան հնարավորություն է տալիս պատկերների միջոցով արտահայտել այն, ինչ երեխան չի կարող բառերով ասել՝ դրանով իսկ նվազեցնելով անհանգստությունը։
Արտ-թերապիան ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նկարչական թերապիան, մատենաթերապիան, երաժշտաթերապիան, պարաթերապիան, կինոթերապիան և տիկնիկային թերապիան:
Արտ-թերապիայի տեխնիկան օգտագործվում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ որպես թերապիայի այլ տեսակների հավելում:
Արտ-թերապիան աշխատում է մարդու սեփական ստեղծագործության արտադրանքով և արվեստի պատրաստի գործերով (գեղանկարներ, քանդակներ, գրքեր, կինոարտադրանքներ):
Արտ-թերապիան ցուցված է հիմնականում հուզական ծանր խանգարումների, ինչպես նաև հաղորդակցության դժվարությունների, մեկուսացման և ամաչկոտության դեպքում։
Նկարչական թերապիա
Նկարչաթերապիան հնարավորություն է տալիս մարդուն խոսել նկարի միջոցով, նպաստում է նյարդային համակարգի լարվածության լիցքաթափմանը, օգնում է դուրս մղել ագրեսիան:
Նկարները մեծ ազդեցություն են թողնում մարդու վրա՝ տրամադրություն են ստեղծում, որոշակի զգացողություններ են առաջացնում։
Նկարները ոչ միայն ծառայում են որպես պատերի ձևավորում, այլև օգնում են հանգստանալ և հեռանալ առօրյայից:
Կերպարվեստի կողմից օգտագործվող ամենահզոր արտահայտչամիջոցներից մեկը ներկն է, որը մարմնավորում է մեզ շրջապատող աշխարհի բազմազանությունը։
Զգացմունքներդ արտահայտելու համար պետք չէ որևէ բան ասել, կարող ես ներկեր կամ մատիտներ վերցնել և արտահայտել քո զգացմունքները օրինակ` գծանկարում:
Եթե ինչ-որ միջադեպից անմիջապես հետո մարդը նստի և սկսի նկարել, նրա բացասական հույզերը կվերանան, և նա ավելի լիարժեք և խորապես կհասկանա իր զգացմունքները:
Այսպիսով, նկարելով՝ մարդն իր զգացմունքներն ու ցանկությունները բաց է թողնում, նկարելու շնորհիվ նա ընկալում է, երբեմն մոդելավորում իրականությունը, ավելի հեշտ է ընկալում իր համար ցավոտ պատկերներն ու իրադարձությունները։
Գույների ընտրությունը շատ բան է ասում՝ կարմիրը հուշում է բարկության մասին, սևը՝ տխրության, իսկ մոխրագույնը՝ անհանգստության։
Մասնագետները նշում են, որ որոշ գույներ առաջացնում են հատուկ հոգեվիճակներ, մասնավորապես դեղին և կարմրադեղին գույներն առաջացնում են ուրախ, ակտիվ տրամադրություն, մռայլ երանգները նաև համապատասխան տրամադրություններ են առաջացնում։
Կանաչը ամենահանգստացնող գույնն է, այն բարձրացնում է տրամադրությունը և նպաստում է թուլացմանը նյարդային դյուրագրգռության և օգնում է անքնության դեպքում:
Նկարչաթերապիան ինքնաբուխ խորքային թերապիա է, որը հնարավորություն է տալիս անձին ինքնադրսևորվելու, ինքնակարգավորվելու, ինքնաբացահայտվելու ոչ խոսքային տարբերակով:
Շարունակելի