
2012 թվականի ապրիլի 2ին` Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի նախագահությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»: Նույն թվականին քաղաքապետարանի կողմից հիմնադրամին տրամադրվեց շենք Գյուրջյան 13 հասցեում և Կրթության և գիտության նախարարության, քաղաքապետարանի և Հայ ընդհանուր բարեգործական միության միջոցներով հնարավոր դարձավ շենքի հիմնովին վերանորոգումը։ 2014 թ-ի նոյեմբերին «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը իր դռները բացեց 100-ից ավել երեխաների առջև, որտեղ արդի չափանիշներին համապատասխան վերանորոգված շենքային պայմաններում երեխաները ստանում են թերապևտիկ շտկողական ծառայություններ։
Այս տարի ապրիլի 2-ին է նվիրված «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի բացումը որտեղ կիրականացվի աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան։
Աուտիզմը զարգացման նյարդաբանականբարդ խանգարում է: Այն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Նյարդաբանական այս խանգարումն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա` խոչընդոտելով սոցիալական հարաբերություններն ու հաղորդակցման հմտությունների զարգացումը: Աշխարհում ներկայումս 88 երեխայից 1-ը ունի աուտիզմ: Աշխարհում ամեն 20 րոպեում տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում։ Այն ավելի հաճախ է հանդիպում քան շաքարային դիաբետը կամ քաղցկեղը։
Աշխարհում մի շարք խոշոր կազմակերպություններ, որոնք բարձրացնում և օգնում են այս գլոբալ խնդրին, ամեն տարի ապրիլի 2-ին և ամբողջ տարվա ընթացքում կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ:
