Ամենաառաջադեմ ու չափազանց սթափ մտածող մարդու համար անգամ անհնարինության աստիճանի դժվար է ընդունել, որ իր երեխան կարող է հաշմանդամություն, որևէ տարբերություն ունենալ: Շատ ծնողներ իրենց երեխայի չխոսելու, ուշադիր չլինելու, որոշակի իրերի չդիպչելու, նայել-չտեսնելու, լսել-չընկալելու, ագրեսիվ լինելու փաստը պատահականություն ու կամակորություն են դիտարկում: Մինչդեռ, անցնում է ժամանակ, խորանում են բոլոր դրսևորումները և ընտանիքը կանգնում է փաստի առաջ: Մեծանում է փոքրիկ, որը չի լինելու շարքային, չի ենթարկվելու զարգացման, դաստիարակության, հասարակության մեջ կենսագործունեության միևնույն սկզբունքներին, թելադրելու է ապրելակերպի ու իր նկատմամբ վերաբերմունքի նոր չափանիշներ:
Մասնագետների պնդմամբ, չափազանց ուշադիր լինելու դեպքում աուտիստիկ սպեկտրի խանգարումները կարելի է բացահայտել անգամ 12 ամսականում: Իսկ 14-18 ամսականն այն տարիքն է, երբ հստակ կարելի է տարբերակել աուտիստիկ սպեկտրի խանգարման որևէ դրսևորում: Դա արտահայտվում է երեխաների ուշադրության, շարժումների համակարգվածության, հայացքի, տեսողական ու լսողական ֆունկցիաների՝ հասակակիցների համար սահմանված նորմերին համապատասխանության բացակայությամբ:
Աուտիզմի դրսևորումները կյանքի առաջին 5 տարում անպայման արտահայտվում են: Այլ հարց է, որ կարող են ախտորոշվել ավելի մեծ տարիքում: Էպիլեպսիան, ագրեսիան, տագնապայնությունը, հիպերակտիվ վարքը, ուշադրության բացակայությունը կարող են աուտիստիկ սպեկտրի խանգարումների ուղեկիցը լինել: Հատկանշական է, որ ինտելեկտուալ կարողությունները խիստ անհատական են: Դրանք կարող են տատանվել զրոյական ընկալունակությունից մինչև գիտակցության բարձրագույն մակարդակ:
Աուտիզմով երեխա ունենալու դեպքում առաջին, կարևորագույն քայլը իրականությունն ընդունելն է: Այս հարցում մեծ է հոգեբանական ծառայությունների, հատուկ մասնագետի, աջակցության գործոնը: Շատերը այս իրողությունը կարմա են դիտարկում, իսկ գիտությունն իր բացատրությունն ունի. շրջակա միջավայրի, քաղաքակրթության, վարակիչ հիվանդությունների, ժառանգականության մի ամբողջական համալիր, որոնք կարող են ներազդել մարդու նյարդային համակարգի վրա:
Երեխայի սոցիալական խանգարումները նկատելի են արդեն վաղ մանկական տարիքում: Աուտիզմով նորածինները որպես կանոն չեն արձագանքում իրենց ուղղված ձայնային ազդակներին, չեն ժպտում, չեն արձագանքում իրենց անվանը: Մեկ տարեկանից սկսած, երբ երեխաներից շատերը հայացքով են ինչ-որ բան հասկացնում, իրենք, հակառակը՝ չեն նայում անգամ ծնողների աչքերի մեջ, բացակայում է տեսողական կոնտակտը: Ավելի ուշ տարիքում բացակայում է նաև մարդկանց ճանաչելու գործառույթը: Նրանք չեն սիրում մարդաշատ վայրերում լինել, միևնույն ժամանակ՝ սրտնեղում են մենակությունից: Շատ ծնողներ, չիմանալով ինչպես վարվել աուտիզմ ունեցող երեխայի հետ, նրան զբաղեցնում է գաջեթների օգնությամբ՝ մուլտեր, խաղեր, գույնզգույն անիմացիաներ: Ուսումնասիրությունների համաձայն, սրանք երեխայի նյարդային համակարգի թշնամին են: Այն դեպքում, երբ աուտիզմը թույլ արտահայտված սիմպտոմներ ունի, գաջեթների կիրառությունը նպաստում է դրանց խորացմանը:
Վերջին տարիներին աուտիզմի վիճակագրության հսկայածավալ աճ է արձանագրվում, ինչը պայմանավորված է մարդկանց, նաև մասնագետների բարձր տեղեկացվածությամբ, թեմայի վերաբերյալ հանրամատչելի ինֆորմացիայի հասանելիությամբ, գիտության զարգացմամբ, որը դիագնոստիկ նոր հնարավորություններ է բերում:
investmagazine . am կայքից