2022 թվականի ապրիլի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանն այցելել էր «Իմ ուղին» ցերեկային կենտրոն, որտեղ սոցիալ-վերականգնողական ծառայություններ են ստանում աուտիզմ ունեցող երեխաներն ու երիտասարդները:

Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է կենտրոնի հիմնադիրների և աշխատակիցների, ինչպես նաև շփվել ծառայություններից օգտվող երիտասարդների և երեխաների հետ: Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է առաջարկվող ծառայությունների շրջանակը, ծանոթացրել կենտրոնի նյութատեխնիկական պայմաններին:

Քննարկվել են այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են կենտրոնի ծառայություններից օգտվող մարդիկ: Օրինակ՝ պայմանավորված կենտրոնի շահառուների ընտանեկան սոցիալական վիճակով՝ խոչընդոտներ են առաջանում հատկապես մարզերում բնակվող անձանց համար, ովքեր ֆինանսական խնդիրներով պայմանավորված ոչ միշտ են կարողանում օգտվել վերականգնողական ծառայություններից:

Աուտիզմ ազգային հիմնադրամի «ԻՄ ՈՒՂԻՆ» կենտրոնի գործունեությունը ապահովվում է հիմնականում ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից մրցույթների շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների շնորհիվ:

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի շահառուների ծնողներին ու անձնվեր աշխատակազմին՝ մասնագիտական բարձրորակ ծառայությունները կազմակերպելու և սեփական մասնագիտական զարգացման միջոցով աուտիզմ ունեցող յուրաքանչյուր անձի անհատական կարիքների գնահատման հիման վրա զարգացման հնարավորություն ապահովելու համար։

Պաշտպանը հաշվառել է կենտրոնի առաջնահերթ անհրաժեշտության խնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակադրմամբ:





