«Աուտիզմ» ազգային հիմնադրամի ներկայացուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացած դրամաշնորհի շրջանակներում իրականացվող պարտադիր իրազեկման հանդիպումների շարքում սույն թվականի մայիսի 6-ին և 7-ին հանդիպել են ԲՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, հանդես եկել «Կրթական հաստատություններում աուտիզմով անձանց ներառման առանձնահատկությունները» թեմայով դասախոսությամբ:
Հանդիպման արդյունքում նաև ստորագրվել է համագործակցութան հուշագիր`«Աուտիզմ» Ազգային Հիմնադրամի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև, որով նախատեսվում է հետագայում ևս իրազեկման միջոցառումներ և ճանաչողական այցելություններ կազմակերպել` խթանելով իրազեկվածության բարձրացմանը:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը: Նա կարևորեց նման նախաձեռնության իրականացումը թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների համար: ԲՊՀ-ի ռեկտորի խոսքով՝ սա այն առիթներից է, երբ մեզնից յուրաքանչյուրն իր այս կամ այն չափով պակաս գիտելիքները, տեղեկությունները կարող է համալրել, ուղղել իրեն հուզող հարցերը և պարզաբանումներ ստանալ Գյուրջինյանը կարևորեց բուհում սովորող ապագա մանկավարժների մասնակցությունը նման հանդիպումներին:
Աուտիզմի ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը ևս իր խոսքում կարևորեց թեմայի առավելագույն բարձրաձայնումը, տեղեկատվական միջոցառումների իրականացումը և ուսանողների մասնակցությունը դրանց:
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի մասնագիտական ծրագրերի համակարգող Ինեսա Հարությունյանը երկու մասից բաղկացած տեղեկատվական սահիկաշար ներկայացրեց՝ պատասխանելով ներկաներին հարցերին: Ներկայացման առաջին հատվածում նա տեղեկություններ տրամադրեց աուտիզմ ախտորոշման մասին՝ համապատասխան հոլովակների ցուցադրությամբ, իսկ երկրորդ հատվածում ներկայացրեց «Աուտիզմ» ազգային հիմնադրամի գործունեությունը:
Երկօրյա հանդիպումներն ընթացան ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի և մեծաթիվ ուսանողների մասնակցության մթնոլորտում:
Նյութը և լուսանկարները brusov. am կայքից