«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որն ուղղված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, 2024-ին կանցկացվի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը։ Հինգերորդ փառատոնի կարգախոսն է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները, նրանց հնարավորություն տալիս համախմբվել մեկ գաղափարի շուրջ և մեկ հարթակում կողք կողքի հանդես գալ պրոֆեսիոնալ ստեղծագործողների հետ՝ տարբեր ոլորտներում դրսևորելով իրենց տաղանդը։
Նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծեց՝ ներառականության ապահովումը ՀՀ կառավարության ռազմավարության կարևորագույն կետերից է։ Նա շեշտեց՝ նախարարության ծրագրերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կրթամշակութային ներառական ծրագրերը։ «Կարծրատիպեր կոտրելու խնդիր կա. մեր հասարակությունը պետք է հասկանա, թե ինչպես է հարկավոր վերաբերվել այն մարդկանց, որոնք հատուկ վերաբերմունքի, ուշադրության կարիք ունեն։ Պետք է հասկանալ՝ ինչ անել, որ հնարավոր լինի ավելի հեշտ կազմակերպել առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ հաղորդակցությունը, իսկ մշակույթը դա անելու լավագույն լեզուն է։ Երաժշտության, պարի, թատրոնի, կինոյի միջոցով հաղորդակցությունն առավել արդյունավետ է»,-նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ կարևոր է կողք կողքի լինելու գաղափարը, երբ առանձնահատկություններ ունեցող երեխաներին չեն առանձնացնում, այլ հնարավորություն են տալիս հասարակության լիիրավ անդամ լինել, սովորել սովորական դպրոցում, մշակութային օջախում, սակայն մոտեցումները փոքր ինչ տարբեր պետք է լինեն։
«Փառատոնի կարևոր կետերից է մասնագետների վերապատրաստումը։ Արտասահմանյան երկրներից մասնագետներ պետք է գան, ինչի արդյունքում փորձի փոխանակում կլինի։ Հայաստանը լավ դիրք ունի, քանի որ օտար մասնագետները նշում են, որ բավականին բան են վերցրել տեղի մեթոդներից, մոտեցումներից»,-հավաստիացրեց Դանիելյանը։
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանն ասաց՝ փառատոնը հարթակ է, որը զարգացման առաջատար կենտրոններին թույլ է տալիս ցուցահանդեսների, համերգների և այլ միջոցառումների միջոցով ցույց տալ ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքը։
Սարգսյանը տեղեկացրեց՝ փառատոնին անցկացվելու է հինգ միջոցառում։ Նոյեմբերի 28-ին Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կկայանա փառատոնի բացման արարողությունը, որի շրջանակում տեղի կունենա «Առաջին քայլեր» խորագրով համերգը, նոյեմբերի 29-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ի բեմում փառատոնի մասնակիցները հանդես կգան թատերական ներկայացմամբ, նոյեմբերի 30-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գրական օր է. մասնակիցները կասմունքեն, կկազմակերպվեն բանաստեղծությունների ընթերցումներ, ժամանցային ծրագիր։
Հայաստանում ներառականության զարգացման և խթանման, ոլորտում շարունակական կրթության ապահովման նպատակով դեկտեմբերի 1-ին «Լուսէ» հիմնադրամում Գերմանիայից ժամանած թերապևտ, օստեոպատ Ռաֆաելա Շտայնբախը և Ռուսաստանից ժամանած նյարդահոգեբան, երաժիշտ, մանկավարժ, ռիթմի մասնագետ Ալինա Սարգսյանը կանցկացնեն սեմինարներ և վարպետության դասընթացներ։ Կմասնակցեն հայաստանյան տարբեր կազմակերպությունների շուրջ 200 մասնագետ և ծնողներ։ Փառատոնի գալա համերգը տեղի կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը։ Դեկտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում գալա համերգի ընթացքում փառատոնի մասնակիցները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Երեխաների և պատանիների հետ բեմում հանդես կգան նաև հայաստանյան երաժշտաոլորտի անվանի անհատ-կատարողները։ Համերգի շրջանակում օպերային թատրոնի նախասրահում կկազմակերպվի առանձնահատուկ կարիքներով երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որի ամբողջ հասույթը կտրամադրվի այն կազմակերպություններին, որտեղից ձեռք կբերվեն ստեղծագործական աշխատանքները:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ բացի նրանից, որ օգնում են երեխաներին նվագախմբի հետ նույն բեմում ներկայանալ, այլև իրականացնում են նրանց երազանքները։ «Երբ երեխաները տեսնում են տարբեր արտիստների ելույթները նվագախմբի հետ, հաճախ երազում են նրանց պես կանգնել բեմում ու երգել կամ նվագել սիմֆոնիկի նվագակցությամբ։ Այն, ինչ մենք անում ենք, երեխաներին պարզապես բեմ բարձրացնելը, միասին լավ բան անելը չէ, սա հատուկ երեկո է լինելու, քանի որ կան առանձնահատկություններով երեխաներ, որոնք իսկապես տաղանդավոր են։ Մեծ ներդրում է կատարված այդ երեխաների՝ նման մակարդակով ներկայանալու վրա»,-նշեց Բալբաբյանը։
Բալբաբյանը փաստեց՝ և՛ երեխաներն են ոգևորված, և՛ երաժիշտները։
2019 թվականին հիմնադրված «Կողք կողքի» փառատոնն այս տարիների ընթացքում լայն թափով զարգացել է։ Հանրապետական կարգավիճակից փառատոնը 2-րդ տարում դարձել է միջազգային՝ ընդունելով մասնակիցներ Բահրեյնից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից և այլ երկրներից՝ տարեցտարի ընդլայնելով մասնակից երկրների աշխարհագրությունը և խորացնելով համագործակցության շրջանակը։ Այս տարի փառատոնին կմասնակցի սահմանափակ կարողություններ ունեցող շուրջ 1000 մասնակից Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից։
«Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնն իրականացնում է «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը, «Իմ քայլը» հիմնադրամը, «ArLeAM» ընկերությունը:
Armenpress