Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում ենք բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը:
Հայը ստիպված է եղել բազմիցս անցնել դեպի անկախություն տանող փշածածկ ճանապարհով` հաճախ գիտակցելով, որ կենաց ու մահու կռիվ է տալիս ոչ միայն անկախության, այլ իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար։
Այսօր էլ հանուն խաղաղության մեր պայքարը չի ավարտվել: Անկախությունն ու խաղաղությունը մշտապես պաշտպանության կարիք ունեն: Հայոց աշխարհի խաղաղության պաշտպանն այսօր Հայոց բանակն է: Հայոց բանակն է մեր պետականության հարատևման, անկախության պահպանման երաշխավորը:
Այսօր մեր անկախ պետությունը 31 տարեկան է: Եկեք շնորհավորենք միմյանց այս կարևոր տոնի կապակցությամբ ու ամեն մեկս մեր չափով նպաստենք մեր անկախ երկրի հզորացմանը։ Երախտապարտ լինելով՝ հանուն տարածքային ամբողջության, անկախության ու խաղաղության, նահատակված մեր բազում հայորդիների՝ ևս մեկ անգամ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները։
Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն․․․