Երբեմն աուտիզմ ունեցող երեխաների դեպքում դաստիարակության գործընթացը և ծնողների մեթոդները տարբերվում են՝ ելնելով անձնային առանձնահատկություններից: Թեև յուրաքանչյուր երեխայի դեպքում կարևոր է անհատական մոտեցումը, աուտիզմ ունեցող երեխայի դեպքում թերևս ծնողները «չի կարելի»-ների ցուցակից կարող են որոշ բացառություններ անել:
1) Վազվզել միջանցքով
Տանը, դպրոցում, հիվանդանոցում ու ամենուր, որտեղ երկար միջանցքներ կան, հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են ծնողները բարկանում երեխաների վրա: Ինչո՞ւ չի կարելի վազվզել միջանցքում. ո՞վ է սահմանել այդ կանոնը: Թույլ տվեք, որ աուտիզմ ունեցող ձեր փոքրիկը վայելի միջանցքի երկարությունը վազքով հաղթահարելու հաճույքը, նրան ժպտալու առիթ տվեք: Գաղտնիք չէ, որ այս փոքրիկների համար կարևոր է միջավայրը, և ուրեմն, եթե նա վազվզում է միջանցքում, ուրեմն իրեն հարմարավետ է զգում այդ տարածքում:
2) Չմփչմփացնել լողավազանում կամ լոգարանում
Չկա մի այնպիսի ծնող, ով չբարկանա, երբ երեխան լողալիս շուրջբոլորը ջուր է տարածում: Բայց չէ՞ որ դա այնքա՜ն զվարճալի է: Բոլոր երեխաներին հատուկ է այդպես լողալ: Իսկ ինչո՞ւ են մեծահասակները բարկանում: Էլ ինչի՞ համար է լողավազանը, ինչի՞ համար են սրբիչները: Մի՛ պահ դադարեք հետևել «չի կարելի»-ների ցուցակին և ուշադրություն դարձրեք, թե որքան հաճելի է երեխային խաղալ ջրում, ջուր ցողել նաև ձեզ վրա: Միացե՛ք նրա զվարճանքին, ու այդ դեպքում արգելելու պատճառ չի լինի:
3) Նախաճաշին ճաշ ուտել… կամ նախաճաշի փոխարեն ադի-բուդի…
Երեխաները հաճախ ախորժակի կորուստ են ունենում, դրա հետևանքով հյուծվում են: Աուտիզմ ունեցող երեխաների ծնողներին հատկապես ծանոթ է այս իրավիճակը: Քաղցած չմնալու և գոնե որոշ վիտամիններ ստանալու համար թույլատրեք, որ երեխան ուտի այն, ինչ ինքն է ցանկանում, ոչ թե ինչ պետք է: Այո՛, այդպես ամեն օր հնարավոր չէ, բայց լինում են դեպքեր, երբ ադի-բուդին ոչնչից լավ է: Մի՛ ստիպեք ուտել այն, ինչ չի ցանկանում: Ի դեպ, գաղտնիք չէ, որ տհաճությամբ ընդունած սնունդն օրգանիզմն ինչպես հարկն է չի էլ յուրացնում:
4) Կեղտոտվել, բայց շարունակել խաղալ
Խաղահրապարակ գնալիս անհնար է չհանդիպել ծնողների, ովքեր անընդհատ դիտողություն են անում երեխաներին ու պահանջում հագուստը չկեղտոտել: Ինչո՞ւ: Էլ ինչի՞ համար են խաղահրապարակները: Դրանք դրսում են կառուցված ու անհնար է հողերի, ավազների մեջ մաքուր մնալ: Աուտիզմ ունեցող երեխաների համար կարևոր է միջավայրի հարմարավետությունը: Եթե երեխան այնտեղ իրեն լավ է զգում, մի՛ արգելեք վայելել տաք, արևոտ օրն ու մի՛ ճնշեք նրան դիտողություններով: Կեղտոտ հագուստը կարելի է լվանալ, իսկ երեխային հիասթափեցնելը կարող է անդառնալի լինել:
5) Ուտել հեռուստացույց դիտելիս
Այո՛, լավագույն տարբերակը չէ: Մասնագետներն ասում են, որ ուտելիս չպետք է որևէ այլ բանով զբաղվել: Իսկ ի՞նչ անել, եթե այլ կերպ երեխան հրաժարվում է ուտելուց: Աուտիզմ ունեցող երեխաները քմահաճ են նաև այս հարցում, դրա համար էլ ավելի լավ է դեմ գնալ կանոններին ու թողնել, որ ուտի այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Իրականում կարևորը նրա կուշտ լինելն է:
6) Մի քանի կում սուրճը վնասակար չէ
Սուրճն իհարկե օգտակար չէ երեխաներին, բայց մի քանի կումը դժվար թե վնասակար կլինի: Եթե ձեր երեխան սիրում է մեծահասակների այդքան սիրելի ըմպելիքը, ապա թույլ տվեք, որ մի փոքր խմի: Սա ևս առիթ է նրան կողմնակի սնունդ տալու: Համաձայնեք՝ դատարկ սուրճն այնքան էլ համեղ չէ…
7) Չուտել սեղանի շուրջը
Իհարկե, կատարյալ է, եթե աուտիզմ ունեցող ձեր փոքրիկն ուտում է սեղանի շուրջը: Իսկ եթե ո՞չ… Միթե կանոնների պատճառով նրան պետք է զրկել սնվելուց: Իհարկե ո՛չ: Այո՛, նրան կարելի է ուտել որտեղ ցանկանա: Եվ դարձյալ՝ կարևորը սնվելն է:
8) Ցատկոտել ջրափոսում
Իսկ ի՞նչ վատ կամ վտանգավոր բան կա դրանում: Ու կրկին՝ աուտիզմ չունեցող բոլոր երեխաների ծնողների կողմից արգելված երևույթ: Աուտիզմ ունեցողների ծնողները կհասկանան… Չէ՞ որ նրանք հաճախ հենց իրենք են երեխաներին ցատկոտել սովորեցնում: Իսկ ավելի զվարճալի տարբերակ, քան անձրևաջրով լցված փոսերն են, չկա:
9) Չափից շատ կամ չափից բարձր խոսել
Աուտիզմ ունեցող երեխաները սովորաբար քիչ, հազվադեպ են խոսում կամ էլ առհասարակ խոսելու դժվարություն են ունենում: Այնպես որ, եթե ձեր փոքրիկը որոշել է խոսել, հարկ չկա ընդհատել նրան կամ հորդորել ցածր խոսել: Նա պետք է ոգևորված լինի ու զգա, որ կարևորում եք խոսելու նրա կարողությունը:
10) Ցատկոտել անկողնու վրա
Աուտիզմ ունեցող երեխաները, ի տարբերություն մյուսների, որոշ բաներ բավականին ուշ են սկսում անել: Դրանցից մեկը կարող է հասարակ թվացող ցատկելը լինել: Եթե ձեր փոքրիկը սովորել է կամ փորձում է սովորել անել դա ու անկողինն է ընտրել, մի՛ շտապեք արգելել նրան: Սա ժամանակավոր է, բոլոր երեխաները սիրելի զբաղմունք ունեն, որ տարիքի հետ դադարում են գոյություն ունենալ: Մի՞թե արժի կոտրել երեխային՝ հանուն ծնողական կանոնների: Կարևոր է, որ երեխան քաջալերվի ամեն մի նոր ձեռքբերման ժամանակ: Ցատկել սովորելն աուտիզմ ունեցող երեխայի համար ձեռքբերում է:
Հ.Գ. Կարող է թվալ, թե առանձնացված կետերը կխոչընդոտեն դաստիարակել երեխային, բայց այդ մասին մտածելուց առաջ արժե մի պահ մտածել, թե իրականում ի՞նչ վնաս կարող է հասցնել լոգարանից դուրս թափված ջուրը: Սրանք հասարակ բաներ են, որ աուտիզմ ունեցող երեխաներին երջանկացնում են:
https://parents.disabilityinfo . am/ կայքից