Ներկերով խաղեր
«Գունավոր ջուր»
Անհրաժեշտ նյութեր. ջրակայուն ներկեր, վրձիններ, 5 թափանցիկ
պլաստիկ բաժակներ /բաժակների շատ լինելը ցանկալի է/:
Ընթացքը. բաժակները շարքով դասավորել սեղանին և լցնել ջրով,
ապա նրանց մեջ ավելացնել տարբեր գույնի ներկեր: Սովորաբար երեխան հետևում է, թե ինչպես է գույնն աստիճանաբար լուծվում ջրի մեջ:
Գույնն արագ լուծելու համար կարելի է վրձնով անմիջապես խառնել ջուրը: Երեխան իր տարբեր գործողություններով կհուշի, թե որ ձևն է ցանկալի իր համար: Այս խաղում երեխան շատ արագ կարող է դրսևորել խաղին մասնակից լինելու ցանկություն: Երբեմն երեխան սկսում է գույներ պատվիրել և փորձում է ինքնուրույն աշխատել:
Կարևոր է կազմակերպել երեխայի ակտիվ մասնակցությունը խաղին և խաղի միջոցով զարգացնել կենցաղային հմտություններ: Հաճախ, երբ երեխային դուր է գալիս խաղը, նա հեշտությամբ է պահպանում խաղի կանոնները: Ցանկալի է հասնել նրան, որպեսզի երեխան
ինքնուրույն բացի ծորակը, ջուր լցնի շշերի կամ բաժակի մեջ: Ջուր թափելու դեպքում ինքնուրույն մաքրի հատակը:
Երեխային տրվող հրամանները պետք է լինեն հստակ, կոնկրետ մեկնաբանություններով՝ վերբալիզացնելով երեխայի յուրաքանչյուր հույզն ու վարքը.
«Բացում ենք ծորակը, որտեղ է շիշը, ահա այն, հիմա վերցնենք, լցնենք ջուրը, որքան ծանրացավ շիշը, բաժանենք ջուրը բաժակների մեջ…» և այլն:
Կարելի է գույները խառնել մեկ կամ տարբեր բաժակների մեջ:
Միևնույն խաղի հանդեպ հետաքրքրությունը նվազելու կամ մարելու դեպքում կարելի է խաղը վերածել «Տիկնիկների ճաշ» խաղի. «Սեղան գցել, դնել բաժակները, դասավորել տիկնիկներ, հյուրասիրել տարբեր հյութերով….»:
Կիրառելով պլաստիկ բաժակների տարբեր չափեր` կարելի է երեխային ծանոթացնել չափի զգացողության հետ, հաշվել բաժակների քանակը, հյութերի քանակը և այլն:
Խաղ ջրով
Ջրերով խաղալը, ջրերի մեջ մտնելը երեխայի համար սիրելի զբաղմունք է: Հատկապես, որ այն միշտ ունի թերապևտիկ ազդեցություն: Կիրառելի են խաղի հետևյալ ձևերը:
Երեխային առավել հարմար ուղղորդելու կամ դեպի ծորակ տանելու համար կարելի է լվացարանի մոտ աթոռ դնել, նախապես պատրաստել պլաստիկ շշերը, լցնել դրանք ջրով կամ օճառապղպջակով:
Կարևոր է խաղն ուղեկցել որոշակի մեկնաբանություններով՝ ուղղված և՛ երեխային, և՛ գործողություններին:
Կարող ենք ստեղծել փոքրիկ լողավազան, ապա՝ լճակ, որտեղ լողում են բադիկները, ձկները, ապա ծով` ուր նավեր են լողում:
«Լողացնենք տիկնիկներին» խաղի ժամանակ կարելի է կիրառել համապատասխան պարագաներ՝ միաժամանակ ծանոթացնելով երեխային դրանց կիրառելիության հետ /օճառ, սպունգ, սրբիչ և այլն /:
«Օճառապղպջակներով խաղ»-ը հիմնականում սիրելի է բոլոր երեխաների համար, և նրանք կարող են երկար զբաղվել այդ խաղով, թեև հիմնականում հրաժարվում են ինքնուրույն այն փորձել: Ցանկալի
է նախապես երեխային ծանոթացնել խաղին, սովորեցնել նախ շնչել, արտաշնչել՝ հետևելով անվտանգության կանոններին, որպեսզի երեխան փչի, բայց՝ հեղուկը կուլ չտա: Հատկապես ձողիկով հյութ խմելը նրանք կարող են նույնացնել պղպջակ փչելու հետ:
«Փրփուրե ամրոց» խաղում թասի մեջ ջուր լցնել, ավելացնել օճառ և խառնել: Վերցնել լայն խողովակ, իջեցնել ջրի մեջ և սկսել փչել: Առաջարկել երեխային միասին կրկնել, ապա՝ ինքնուրույն կատարել նույն գործողությունը:
«Խաղ մոմերով» խաղում պատրաստել մոմերի հավաքածու: Կարելի է վերցնել ծննդյան մոմեր և երեխայի ներկայությամբ վառել դրանք. «Տես, ինչ գեղեցիկ են վառվում մոմերը, ապա` փչել մոմերը…»:
Նպատակահարմար է, որ բոլոր խաղերը երեխան կրկնի տանը` մայրիկի հետ խաղալով:
Օրինակ՝ անջատել լույսերը և մոմի լույսով շրջել սենյակներով՝ լուսավորելով ճանապարհը:
Խաղի միջոցով երեխան ծանոթանում է մոմի լույսի իմաստի հետ:
Աղբյուրը՝ hmk. am