Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:
Այսօր համայն հայությունը ՀՀ-ում և Սփյուռքում, աշխարհի բոլոր կողմերում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այս տարի ապրիլի 24-ին լրանում է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցը։
Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։
Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ Թուրքիայի կառավարող շրջանների հրեշավոր ոճրագործության դեմ բողոքի և պատմական արդարությունը վերականգնելու պահանջի կարգախոսերով։ Ցույցն ավարտվել է Կոմիտասի գերեզմանի մոտ հանրահավաքով։ Նույն օրը կայացել է ցեղասպանության հիշատակին նվիրված ժողով, որին մասնակցել են հասարակայնության, պետական մարմինների և հոգևորականության ներկայացուցիչներ։ Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Երևանում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու մասին։ Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո, ամեն տարի ապրիլի 24-ին համաժողովրդական երթ է կատարվում դեպի համալիր։ 1988-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր։
Հավերժ փառք մեր հայրենակից բոլոր սրբադասված նահատակներին: