Ներառական կրթությունը ենթադրում է, որ աշակերտները, իրենց ողջ բազմազանությամբ և առանձնահատկություններով, սովորեն կողք կողքի նույն դպրոցում և դասարանում: Ներառական կրթությունը շատ բարձր է գնահատում ուսումանական գործընթացում յուրաքանչյուր աշակերտի ներդրումը։ Սակայն այս սահմանումը թերևս թաքցնում է «կրթական ներառում» երևույթի բարդությունը։ Ներառման սահմանումը ժամանակի ընթացքում փոփոխվել է, ինչի պատճառով ավելի է մեծացել պատշաճ ներդրում¬ների, ռազմավարության և չափորոշիչների մշակման պահանջը։ Առկա են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական և կրթական հմտությունների զարգացման բազմաթիվ խնդրահարույց հարցեր ու մարտահրավերներ, այդ թվում՝ ուսուցիչների կրթությունը և վերապատրաստումները, դպրոցների սոցիալական ու ֆիզիկական միջավայրի հարմարեցումները, ինչպես նաև ծնողների ակնկալիքները, մոտեցումները և պատկերացումները։ Ավելին, ներառական կրթությունը դպրոցներում և համայնքներում հավուր պատշաճի ներդնելու համար անհրաժեշտ է, որ քաղաքականություն մշակողները, համալսարանները, դպրոցները, հասարակական կազմակերպությունները, ծնողները և այլ շահագրգիռ մասնակիցները ներգրավվածություն ունենան այս գործընթացում: Հայաստանում ներառական կրթության համակարգը՝ որպես ազգային քաղաքականություն, պաշտոնապես ընդունվել է 2003 թ.։ Այդ ժամանակից ի վեր տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ նախաձեռնել են նոր ընդունված համակարգին համահունչ զանազան ծրագրեր՝ ուսուցիչներին և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին օժանդակելու համար։ Այդ ջանքերի շնորհիվ այսօր շատ դպրոցներ ապահովում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումանառությունը, սակայն ուսուցիչներից քչերն են մասնակցել այնպիսի վերապատրաստման կամ կրթական ծրագրերի, որոնք թույլ կտան հանրակրթության ոլորտներում իրականացնել այդ երեխաների կրթական կարիքներին համապատասխան ծրագրեր և մատուցել պատշաճ ծառայություններ։ Չնայած գերանհրաժեշտությանը՝ այսօր Հայաստանում չկա ուսուցիչների` ներառական դասարանում երեխաների բազմազանության հետ աշխատելու նախապատրաստմանը միտված համակարգային մոտեցում կամ հատուկ ծրագիր։ Այս հարցում ուսուցիչներին կարող է օգնել հետևյալ ձեռնարկը: