Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սբ. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Սբ. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել:
Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը:
Աստծո լույսը թող ուղեկից լինի բոլորին…
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Ձեզ և Մեզ մեծ Ավետիս