Երեւանում ապրիլի 2-ին աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ մի շարք միջոցառումներ են անցկացվելու: Այս մասին մարտի 31-ին լրագրողներին պատմեց «Աուտիզմ ազգային հիմնադրամի» տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:
Ապրիլի 2-ին ժամը 13:00-ին Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում մեկնարկելու է քայլարշավ դեպի Ազատության հրապարակ:
«Ներառական դպրոցի աշակերտները, ծնողները, մեր դպրոցի սաները, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի խորհրդի անդամները եւ մեր համակիրները կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա մի փոքր միջոցառում», – ասաց Լիլիթ Աղաջանյանը:
Ազատության հրապարակում կազմակերպվելու է աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգի շնորհանդես, նկարների բացօթյա ցուցահանդես եւ մի շարք այլ միջոցառումներ:
Աուտիզմի իրազեկման միջազգային օրը շատ երկրներում շենքերն ու այլ կառույցները լուսավորում են կապույտ գույնով, որը, ըստ հիմնադրամի անդամների, խորհրդանշում է այն փաստը, որ աուտիզմը ավելի հաճախ է հանդիպում տղա երեխաների մոտ: Այս տարի Հայաստանն էլ է միանալու այս նախաձեռնությանը, եւ ապրիլի 2-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը լուսավորվելու է կապույտ լույսով: