Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Հայաստանում այդ օրվա առթիվ ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Այսօրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով երեխաների և մեծահասակների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք:
2012 թվականի ապրիլի 2ին` Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի նախագահությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»: Նույն թվականին քաղաքապետարանի կողմից հիմնադրամին տրամադրվեց շենք Գյուրջյան 13 հասցեում և Կրթության և գիտության նախարարության, քաղաքապետարանի և Հայ ընդհանուր բարեգործական միության միջոցներով հնարավոր դարձավ շենքի հիմնովին վերանորոգումը։ 2014 թ-ի նոյեմբերին «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը իր դռները բացեց 100-ից ավել երեխաների առջև, որտեղ արդի չափանիշներին համապատասխան վերանորոգված շենքային պայմաններում երեխաները ստանում են թերապևտիկ շտկողական ծառայություններ։
Այս տարի ապրիլի 2-ին է նվիրված «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի բացումը որտեղ կիրականացվի աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան։
Աուտիզմը զարգացման նյարդաբանականբարդ խանգարում է: Այն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Նյարդաբանական այս խանգարումն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա` խոչընդոտելով սոցիալական հարաբերություններն ու հաղորդակցման հմտությունների զարգացումը: Աշխարհում ներկայումս 88 երեխայից 1-ը ունի աուտիզմ: Աշխարհում ամեն 20 րոպեում տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում։ Այն ավելի հաճախ է հանդիպում քան շաքարային դիաբետը կամ քաղցկեղը։
Աշխարհում մի շարք խոշոր կազմակերպություններ, որոնք բարձրացնում և օգնում են այս գլոբալ խնդրին, ամեն տարի ապրիլի 2-ին և ամբողջ տարվա ընթացքում կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ:
Այդ միջոցառումներից ամենագրավիչը և աչքի ընկնողը «Աուտիզմ Սպիկս»-ի «Կապույտ լույս վառենք» (“Light It Up Blue”) նախաձեռնությունն է որի շրջանակներում ապրիլի 2-ի գիշերը տարբեր նշանակալից շենքեր ու կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Նախաձեռնության նպատակը աշխարհի տարբեր քաղաքներում կարևորագույն շինությունների կապույտ լույսով լուսավորման միջոցով հասարակության ուշադրությունը դեպի աուտիզմի խնդիրները գրավելն է, ցույց տալ, թե ինչքան էլ որ աուտիզմով մարդիկ տարբեր են, բայց միևնույն ժամանակ մեր ժողովրդի, մեր հանրության մի մասնիկն են: Տարբեր երկրներ և կազմակերպություններ միանում են այս նախաձեռնությանը և արդեն երկրորդ տարին է, որ Հայաստանը նույնպես միանում է այս համաշխարհային նախաձեռնությանը: Այս տարի ևս ապրիլի 2-ի երեկոյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը լուսավորվեց կապույտ լույսով և Ազատության հրապարակում իրազեկման նպատակով հանրությանը կբաժանվեն տեղեկատվական թերթիկներ: