«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաների ուսումնական պրոցեսի և ժամանցի կազմակերպումն այսուհետ առավել մատչելի և կազմակեպաված կլինի՝ սեփական փոխադրամիջոց ունենալու շնորհիվ:
«ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամը կենտրոնին նվիրաբերել է տրանսպորտային միջոց, որի օգնությամբ երեխաների ինտեգրումը հասարակությանն ավելի կհեշտացվի:
Այսօր կենտրոնի սաները սեփական փոխադրամիջոցով առաջին փոքրիկ ուղևորությունը կատարեցին դեպի Երևանի կենդանաբանական այգի:
«Այսօր մեզ համար տոն է, քանի որ արդեն սեփական փոխադրամիջոցով մեր երեխաները եկան Երևանի կենդանաբանական այգի: Երեխաների առանձնահատկություններից ելնելով` սեփական փոխադրամիջոց ունենալը խիստ կարևոր էր»,-Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց «Աուտիզմ» ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Պետրոսյանը, ապա «Աուտիզմ» ազգային հիմնադրամի նախագահ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ուսումնավերականգնողական կենտրոնի և սաների ծնողների անունից շնորհակալություն հայտնեց «ՔՐՈՆԻՄԵՏ»-ին՝ նման աջակցության համար:
2011 թվականին ստեղծված «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամը շատ նախաձեռնությունների ունի՝ ուղղված երեխաների աջակցմանը: Հիմնադրամի հիմնական ուղղություններից է նաև հատուկ խնդիրներ ունեցող երեխաների աջակցությունը:
«Երբ «Աուտիզմի ազգային հիմնադրամը» դիմեց մեզ փոխադրամիջոց ձեռք բերելու հարցով՝ չկարողացանք անմասն մնալ: Գիտենք, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվում երեխաների հետ և շատ ուրախ ենք, որ կարողանում ենք օգնել նրանց ուսումնական պրոցեսի և ժամանցի լավ կազմակերպմանը: Հուսով ենք, որ ուսումնառությունն այսուհետ ավելի արդյունավետ կկազմակերպվի, քանի որ սաների հետ աշխատանքները նաև դպրոցից դուրս են կատարվում»,- նշեց «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը:
«Աուտիզմի ազգային հիմնադրամը»-ի դիմումից հետո «ՔՐՈՆԻՄԵՏ»-ը զբաղվել է ավտոբուսի պատվերով: Արդեն Երևանում գտնվող և ուսումնավերականգնողական կենտրոնին պատկանող ավտոբուսը հատուկ պատվիրված և հարմարեցված է երեխաներին: Ավտոբուսը ծառայելու է երեխաներին դպրոց հասցնելու, ինչպես նաև դպրոցից դուրս այցեր և էքսկուրսիաներ կազմակերպելու նպատակով:
«ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրենը նաև նշեց, որ իրենք աշխատել են անմիջապես արտադրողի հետ: Ավտոբուսի համար հատուկ դիզայն է ընտրվել: Առանձանահատուկ ուշադրություն է դարձվել նաև ավտոբուսի գույնին՝ կապույտ, որը աուտիզմի խորհրդանիշն է:
Նշենք, որ այժմ «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն է հաճախում 105 երեխա՝ 2-18 տարեկան: