Տոնի նախապատմությունը
Երեխաների պաշտպանության միջազգային օրը աշխարհում հայտնի ամենահին տոներից է։ Նրա պաշտոնական և միջազգային կարգավիճակը հաստատվել է դեռևս 1925 թվականին Ժնևի համաժողովում, որը վերաբերում էր երեխաների բարեկեցության հարցերին:
Սակայն Երեխաների պաշտպանության օրը վերջնականապես հաստատվեց միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1949թ.-ին, երբ հատկապես արդիական էին երեխաների խնդիրները։ Պատերազմից հետո պետք էր մտածել այն սերնդի մասին, որը պետք է կերտեր աշխարհի ապագան։ Այդ կապակցությամբ 1949 թվականին Փարիզի կանանց կոնգրեսում հնչեց երդում, որում խոսվում էր համաշխարհային խաղաղության համար պայքարելու մտադրության և երեխաների երջանկության համար՝ որպես այս պայքարի հիմք: Առաջին անգամ Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվել է 1950 թվականի հունիսի 1-ին և տարածվել աշխարհի 51 երկրի վրա։ Ստանալով ՄԱԿ-ի աջակցությունը` այդ ժամանակվանից հունիսի 1-ին տոնը սկսեց նշվել ամեն տարի:
Երեխաների պաշտպանության օրն ունի իր դրոշը, որը ճանաչվել է աշխարհի ավելի քան 30 երկրում: Այն իրենից ներկայացնում է կանաչ ֆոն, որի վրա սխեմատիկորեն պատկերված են գլոբուսը և 5 բազմերանգ մարդկային ֆիգուրներ։ Կանաչը ներդաշնակության, թարմության և պտղաբերության գույնն է: Կանաչ ֆոնը ստիպում է մտածել, որ մեզ շրջապատող ամեն ինչ ստեղծվել է նորմալ և ապահով զարգանալու համար։ Մեզնից պահանջվում է միայն մեզ և ուրիշներին հնարավորություն տալ օգտվելու այդ առավելություններից:
Երկրագունդը խորհրդանշում է մեր ընդհանուր տունը, իսկ նրա կապույտ գույնը խոսում է խաղաղության և միասնության մասին, որին մենք կարող ենք հասնել, եթե միմյանց վերաբերվենք ըմբռնումով և սիրով:
Մարդկային գունագեղ կերպարները խորհրդանշում են ռասայական հանդուրժողականությունն ու բազմազանությունը: Երեխաների ոտքերից գոյացած աստղը խորհրդանշում է այն լույսը, որը մենք կսկսենք ճառագել, երբ համախմբվենք և մոռանանք կռիվների մասին՝ հանուն երեխաների երջանկության։ Հինգ գունավոր կետերը խորհրդանիշն են այն բանի, որ մենք բոլորս ծագում ենք մի տեսակից՝ մարդուց:
Դրոշի վերևում գտնվող կապույտ կերպարը Աստծո խորհրդանիշն է, որը բոլորին հավասարապես սիրում է: Ուստի մենք՝ որպես նրա պատկեր ու նմանակ, պետք է սիրենք ու հարգենք բոլոր մարդկանց՝ անկախ նրանց ռասայից, մաշկի գույնից, կրոնից, նյութական ապահովությունից և այլ գործոններից։
Երեխաների պաշտպանության օրը նպատակ ունի պաշտպանել մեր մոլորակի այն փոքրիկ բնակիչների շահերը, որոնք ենթարկվում են ամենատարբեր վտանգների և տառապում են մեծերի սխալների պատճառով:
Այսօրվա տոնը կարևոր է բոլոր մեծահասակների համար, որոնք մեր մոլորակի երեխաների համար ապահովում են բարեկեցիկ և երջանիկ մանկություն։ Այն հիշեցնում է բոլորիս մեր մեծ պատասխանատվության մասին այն երեխաների հանդեպ, որոնք լույս աշխարհ են եկել, և որոնք ապագայում կգան աշխարհ:
Երեխաները, ինչպես ոչ ոք, անպաշտպան են ժամանակակից աշխարհի իրողությունների դեմ: Մեր ընդհանուր պարտքն է ապահովել նրանց անվտանգությունը, ստեղծել արժանի պայմաններ նրանց համակողմանի զարգացման համար, ապահովել անկախ կյանքի հաջող մեկնարկ, սեփական կարիքի և անվտանգության զգացում, որպեսզի նրանց հետ միասին կարողանանք վստահորեն նայել ապագային։
Երեխաները մեր հույսն են։ Նրանք մեր սրտերը լցնում են սիրով, ջերմությամբ և ուրախությամբ։ Մեր երկրի ապագան կախված է յուրաքանչյուր երեխայի տաղանդների և կարողությունների նկատմամբ վերաբերմունքից: Իսկ մեր առաջնային խնդիրն է ապահովել յուրաքանչյուր երեխայի ամենակարևոր իրավունքը՝ երջանիկ մանկության իրավունքը։
Այս օրը երախտագիտության հատուկ խոսքեր բազմազավակ, խնամատար ընտանիքներին, մեր հայրենիքի պաշտպանների ընտանիքներին, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք իրենց կոչում են ընտրել երեխաների խնամքը և իրականացնում են երեխաների պաշտպանությունը` մասնագիտական մակարդակով։ Շնորհակալ ենք ձեր ժամանակը, ուժը, էներգիան, տաղանդը և սերը մեր եխաներին տրամադրելու, նրանց երջանիկ մանկություն ապահովելու համար։ Թող յուրաքանչյուր երեխա ապրի սիրո և ներդաշնակության մեջ, զգա ապահովություն, զգա հոգատարություն և ջերմություն: Թող բոլոր երեխաները լինեն առողջ և երջանիկ: