
Ներառական մշակութային միջավայրի ձևավորման կարևոր քայլ է կատարվել․ «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ Ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի և Հովհաննես Թումանյանի թանգարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Համագործակցության շրջանակում կյանքի է կոչվել «Ճամփորդները» ներառական թատերախումբը, որը նախաձեռնողները ներկայացնում են որպես Հայաստանում առաջին ներառական թատերախումբ։ Նախագծի նպատակն է արվեստի միջոցով խթանել ներառական մշակույթի զարգացումը, աջակցել կենտրոնի սաների ինքնաարտահայտմանը և բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը։
Նախատեսվում է մշակել ներառական թատերական փորձերի հատուկ մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա ստեղծել անվտանգ և աջակցող միջավայր՝ յուրաքանչյուր մասնակցի ստեղծագործական կարողություններն արտահայտելու և մշակութային կյանքում լիարժեք ներգրավվելու համար։
«Ճամփորդները» թատերախմբի ստեղծմամբ մշակույթն ու թատրոնը դիտարկվում են ոչ միայն որպես ստեղծագործական գործունեության, այլև ինքնաարտահայտման, հաղորդակցության և հասարակական ներառման կարևոր գործիքներ։
Այս համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ներառական մշակույթի զարգացման տեսանկյունից՝ նպաստելով այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ արվեստի հնարավորությունները հասանելի են յուրաքանչյուրին՝ անկախ անհատական առանձնահատկություններից։
Նախաձեռնության հեղինակները առանձնահատուկ շնորհակալություն են հայտնում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանին՝ համագործակցության գաղափարին հավատալու, ընդհանուր արժեքներն ու տեսլականը կիսելու և նախաձեռնության իրականացմանը աջակցելու համար։
Նոր համագործակցությունը բացում է ստեղծագործական նոր հնարավորությունների ճանապարհ՝ նոր բեմերով, նոր պատմություններով և նոր «Ճամփորդություններով»։




